Բնակիչները բողոքում են գրունտային ճանապարհից, քաղաքապետարանից պատասխանում են՝ բյուջեն չի հերիքում (տեսանյութ)
Էրեբունի 3-րդ և 4-րդ զանգվածի բնակիչները բողոքում են՝ ո՛չ խմելու ջուր ունեն, ո՛չ էլ կարգին ճանապարհ:
Ասում են, որ քաղաքապետարանն ասֆալտի կտորտանք է տրամադրել, սակայն դա քիչ է, իսկ կատարած աշխատանքն էլ ջուրն է գնում, քանի որ ճանապարհի միայն մի հատվածն են ասֆալտապատել: Նրանք քաղաքապետարանից պահանջում են, որ տրամադրեն տեխնիկա, որպեսզի ճանապարհի հարթեցման աշխատանքներն էլ կատարեն:
«Մենք բոլորս թոշակառու մարդիկ ենք, սակայն բոլորս փող ենք հավաքել, ընդհանուր առմամբ ունենք 500 հազար դրամ: Եթե տեխնիկան իրենք տրամադրեն, մենք էլ այդ գումարով խճաքարը հանքից կտեղափոխենք այստեղ»,- ասաց բնակիչներից Սերգեյ Գրիգորյանը:
Քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի ասֆալտապատող ընկերություն պարտավոր չի ասֆալտի տաշվածքն անգամ իրենց ցուցումով տանի որևէ տեղ:
«Սա հավելյալ աշխատանք է, որը մեր ասֆալտապատման աշխատանքներում չկա: Երևանում կա ավելի քան 300 հազար քառակուսի մետր գրունտային ճանապարհ, իսկ մեր գրունտային ճանապարհի մրցույթն ընդամենը 5130 քառակուսի մետր է: Դա նույնիսկ մեկ տոկոսը չէ: Այսքան ժամանակ ոչ մեկ այդ տաշվածքը չի տարել նշված բնակավայր և նման աշխատանք այդտեղ երբեք չի եղել: Մեր բյուջեն սահմանափակ է, կարող ենք ասֆալտապատել ընդամենը 670 հազար քառակուսի մետր: Իսկ Երևանի ասֆալտապատ տարածքը կազմում է 26 մլն 300 հազար քառակուսի մետր: Բյուջեն սահմանափակ է, ունենք այն ինչ ունենք»,- պարզաբանեց Գրիգոր Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: