«ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի բարձրացրել ռուսական С-400-ների պատճառով Թուրքիային դաշինքից հանելու հարցը». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի բարձրացրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիային դաշինքից հանելու հարցը, գրում է ria.ru-ն:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբեք չի բարձրացրել այս հարցը, որովհետև մենք բոլորս գիտենք, որ կախված ենք մեկս մյուսից»,- ասել է Ստոլտենբերգն Անվտանգության հարցերով ասպենյան համաժողովի ժամանակ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ «Թուրքիայի ձեռք բերած համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին, որովհետև դրանք անհամատեղելի են»:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: