Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ
Այսօր վիճակը բավական լավ է և թափանցիկության առումով վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վարչապետի խնդրանքով անդրադառնալով Սևանի ծաղկման խնդրին:
Նախարարը պարզաբանեց, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է և դրան էլ գումարած բնակլիմայական փոփոխությունները, որի արդյունքում ունենում ենք այս դեպքը: Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել: «Բայց կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»,-ասաց նա:
Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:
«Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի»,-ասաց նա:
Վարչապետը արձանագրեց՝ Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: