Թուրքիայում Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում շուրջ 200 զինծառայող է ձերբակալվել
Ստամբուլում Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի զինուժի 176 զինծառայող, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները տարբեր ռազմական կառույցների աշխատակիցներ են և սերտ կապերի մեջ են եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող շարժման հետ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շարժման աջակիցների ձերբակալության գործողությունն իրականացվել է Ռազմածովային ուժերում, ինչպես նաև երկրի առափնյա անվտանգության պահպանության ծառայությունում:
Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էր թուրքական բանակի 137 զինծառայող:
Զինծառայողների ձերբակալման գործողություններն իրականացվել են թուրքական Իզմիր, Կոնիա և Քոջաելի նահանգներում:
Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում վերջին անգամ ձերբակալվել էին երկրի արտաքին գործերի նախարարության 249 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: