Շրջակա միջավայրի նախարարը թվարկեց մի քանի քրեական գործեր՝ ի պատասխան հարցին, թե ինչու Սևանա լճի մակարդակը չի բարձրացվել
Մի քանի բաղադրիչներ, պատճառներ կան, թե ինչու Սևանա լճի մակարդակը չի բարձրացվել․ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Մեկը, որ շատ ավելի մեծ ջրառի պահանջարկը եղել է Ջրային կոմիտեից: Դուք դատախազության կողմից ներկայացված տեղեկատվությամբ տեղյակ եք, որ քրեական գործեր են հարուցվել Ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2,8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ֆիկտիվ պայմանագրեր կնքելով՝ լրացուցիչ գնառաջարկներ ներկայացնելու մասով։ Կարծում եմ, այս գործի արդյունքում որոշակի բացահայտումներ կլինեն»,-ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ քրեական գործ է հարուցվել նաև Արփա-Սևան թունելի շինարարության հետ կապված։ «Այստեղ նույնպես պարզ կլինի, թե այս աշխատանքը ինչքանով է սուբյեկտիվ և օբյեկտիվ եղել հետաձգվելու համար»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ափամերձ տարածքների համար գումարներ դուրս գրելուն, բայց չմաքրելուն, նախարարն ասաց, որ վերլուծություններ են ներկայացրել, և ամբողջ փաթեթն ուղարկել են դատախազություն։ «Այդտեղ էլ որոշակի գործողություններ կիրականացվեն»,-նշեց նա։