ԱՄՆ-ից հայտնել են՝ ինչպես կվարվեն միջուկային հարձակման ենթարկվելու դեպքում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ Դևիդ Գոլդֆեյնը հայտնել է, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը միջուկային հարձակում իրականացնի այդ երկրի նկատմամբ, գրում է Defense Maven-ը:
Գոլդֆեյնը նշել է, որ առաջին քայլը կլինի ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար Թոդ Ուոլթերսի հետ կապ հաստատելը, որից հետո «մեկ ակնթարթում» ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը զանգվածային հակագրոհ կսկսեն՝ օգտագործելով կործանիչներ, ռմբակոծիչներ, վառելիքալիցքավորող ինքնաթիռներ, գործի կդնեն հետախուզական միջոցներ, կիբեռնետիկ, տիեզերական և հատուկ գործողություններ:
Գեներալի խոսքով՝ դրանից հետո ինքը կապ կհաստատի ԱՄՆ զինված ուժերի հյուսիսային հրամանատարության ղեկավար Թերրենս օ'Շոնեսսիի հետ՝ ամերիկյան տարածքում պատասխան գործողություններ նախաձեռնելու: Օդային բազայի հակահրթիռային համակարգերը պատրաստ կլինեն կասեցնելու հրթիռային հարվածը և կեղծ թիրախների միջից կհայտնաբերեն իրական մարտագլխիկը: Ավարտական փուլում կգործեն ատոմային սուզանավերը, որոնք ջրի տակից «կործանիչ համազարկ» կտան:
Գոլդֆեյնի հաջորդ զանգը կլինի ԱՄՆ ռազմավարական հրամատարության ղեկավար Ջոն Հայթենին, որը պետք է հայտնի՝ ինչպիսի միջուկային հարված է հարկավոր «հակառակորդին սանձելու» համար:
«Այս առաքելություններից յուրաքանչյուրը հաղթանակ ապահովող է, և դրանք բոլորը պետք է միանգամից արձակվեն»,- եզրափակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետը: