ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ․ Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Ալաշկերտին
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Երևանում կայանալիք Եվրոպայի Մ19 առաջնությանը։
Նախապատրաստական փուլի շրջանակում այսօր Արթուր Ոսկանյանի սաները ստուգողական հանդիպում անցկացրին «Ալաշկերտի» հետ։ «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտություն կրեց՝ 1-2։
«Ալաշկերտի» կազմում հաշիվը 43-րդ րոպեին բացեց Սարգիս Շահինյանը։ Մ19 հավաքականի պատասխան գոլը 54-րդ րոպեին խփեց Գրենիկ Պետրոսյանը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Վարդան Պողոսյանը (81՛)։
Հուլիսի 7-ին Հայաստանի Մ19 հավաքականը ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ այս անգամ խաղալով «Լոռիի» հետ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է հուլիսի 14-27-ը։ Խաղերը կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», «Բանանց» և ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայի մարզադաշտերում։
Հայաստանի Մ19 հավաքականը խմբային փուլում խաղալու է Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի Մ19 հավաքականնեի հետ։ Խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։