Պուտինը Հռոմում առանձին հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախագահի և վարչապետի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմ կատարած մեկօրյա այցի շրջանակներում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելլայի հետ, գրում է РИА Новости-ն:
Բանակցություններից առաջ տեղի է ունեցել Պուտինին դիմավորելու հանդիսավոր արարողությունը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցության հարցերը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները և Իրանի միջուկային ծրագիրը:
Մատտարելլայի հետ հանդիպումից հետո Կրեմլի ղեկավարն ուղևորվել է Կիջի պալատ՝ հանրապետության վարչապետի պաշտոնական նստավայր, որտեղ հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին: Կոնտեն Պուտինին դիմավորել է նստավայրի ներքին բակում՝ մեքենայի մոտ: Ընդունելության հանդիսավոր արարողությունից առաջ ղեկավարները մի քանի րոպե զրուցել են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինն ընդունելության էր արժանացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ՝ Վատիկանի Առաքելական պալատում: