Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել «Խիմկի»-ի հետ
«Լոկոմոտիվ»-ի նախկին հարձակվող, ակումբի սան Արշակ Կորյանը վարձակալության պայմանագրի ավարտից հետո հիմնական պայմանագիր է ստորագրել «Խիմկի»-ի հետ: Ֆուտբոլիստը նախօրեին խզել էր պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ և մերձմոսկովյան թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Արշակ Կորյանը մնում է կարմրասև ընտանիքում: «Խիմկի»-ի ու «Լոկոմոտիվ»-ի միջև վարձակալության պայմանագրի ավարտից հետո Արշակը լիարժեք պայմանագիր է կնքել կարմրասևերի հետ»,- ասված է «Խիմկի»-ի թվիթերյան էջում:
24-ամյա Կորյանը «երկաթուղայիններ»-ի կազմում մասնակցել էր 3 խաղի, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել: Անցած մրցաշրջանում «Խիմկի»-ի կազմում անցկացրել է ՖԱԼ-ի 37 խաղ (29-ը՝ մեկնարկային րոպեներից) և դարձել է 5 գոլի հեղինակ (մեկը՝ 11-մետրանոցից):