Ստամբուլի դատարանն արդարացրել է «Էրգենեկոնի» գործով 235 մեղադրյալի
Թուրքիայում Ստամբուլի դատարանն «Էրգենեկոնի»՝ 2003թ.-ին երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի վերաբերյալ աղմկահարույց գործի շրջանակներում արդարացրել է 235 մեղադրյալի, հաղորդում է Daily Sabah-ը:
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկչական կազմակերպությանն օգնելու, դրան անդամակցելու և դրա ղեկավարմանը մասնակցելու համար 235 մեղադրյալներն արդարացվել են այն եզրահանգման հիման վրա, ըստ որի՝ «Էրգենեկոնն» իրական խմբավորում չէ:
Միևնույն ժամանակ գործի շրջանակներում ձերբակալված 4 անձ սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել:
«Էրգենեկոնը» Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում էր պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այդ գործով մոտ 400 մարդ է ձերբակալվել՝ քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, բուհերի դասախոսներ, պաշտոնաթող և գործող զինվորականներ, ոստիկաններ:
Այս գործով դատավարությունը Ստամբուլում ընթանում է 2007 թվականից: 2013թ.-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուգը և բանակի մի շարք այլ ղեկավարներ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով ցմահ ազատազրկման էին դատապարտվել: