Իշխանությունը վեթինգի գաղափարից չի նահանջել. Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ լավ կլիներ՝ ԲԴԽ անդամի ընտրությունների համար ավելի երկար ժամանակ հատկացնեին: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցին:
«Չընտրելու ոչ մի դիտավորություն չի եղել, ուղղակի կազմակերպչական խնդիրներ կային, ես իմացել եմ՝ մինչև 15:30 են ընտրությունները: Գնացել եմ կառավարություն, այնուհետև մոտեցել եմ ընտրության և չեմ կարողացել մասնակցել, ինչ-որ փոքրիկ կազմակերպչական խնդիր է եղել այդ ընտրությունների հետ կապված: Կարծում եմ՝ տեխնիկական պատճառ է եղել»,-ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ խմբակցությունը ԲԴԽ անդամի ընտրության հարցում որևէ դիրքորոշում չի՞ ունեցել, Բաղդասարյանն ասաց՝ ոչ, ու դարձյալ շեշտեց՝ տեխնիկական խնդիր է եղել:
Անդրադառնալով վեթինգի գործընթացի իրականացմանը՝ Բաղդասարյանն ասաց՝ իշխանությունը վեթինգի գաղափարից չի նահանջել, վեթինգի գործընթացը կարող է լինել բացառապես այն նպատակի համար, որ հասարակության մեջ բարձրանա վստահությունը դատական համակարգի նկատմամբ, իսկ դա հնարավոր է, եթե վեթինգ անցած դատավորներն անցնեն այնպիսի գործընթացի միջով, որը վստահություն կներշնչի, թափանցիկ և մասնակցային, ներառական կլինի, այսինքն՝ հասարակությունը կկարողանա մասնակցել այդ գործընթացին.
«Պետք է հնարավորություն լինի, որ քաղաքացիները կարողանան դիմում ներկայացնել համապատասխան մարմին դատավորի թույլ տված խախտումների վերաբերյալ: Եթե գործընթացը չլինի թափանցիկ, մասնակցային և հնարավորություն չտա ամբողջ գործընթացը լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից, չեմ կարծում, որ լուրջ արդյունքներ կունենանք: Պետք է հասկանալ՝ որ մարմինը պետք է ունենա նման լիազորություն: ԲԴԽ-ն այս պահին մեծ լիազորություն չունի, իսկ դա ունենալու համար անհրաժեշտ է փոփոխել Սահմանադրությունը, որն այս պահին նպատակահարմար չէ այնքան»: