Հռոմի պապը բարձր է գնահատել Թրամփ-Կին Չեն Ըն հանդիպումը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի խաղաղության (տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը և հույս է հայտնել, որ այն կհանգեցնի խաղաղության, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք Կորեայում ականատես եղանք հանդիպման մշակույթի լավ օրինակի: Ես ողջունում եմ այս ուշագրավ քայլը: Ես ողջունում եմ հանդիպման կողմերին և աղոթք եմ հղում առ այն, որ նման նշանակալի ժեստը ևս մեկ քայլ դառնա խաղաղության ճանապարհին ոչ միայն այս թերակղզում, այլ նաև ի բարօրություն ողջ աշխարհի»,-Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մարդկանց հայտնել է հոգևոր առաջնորդը, որոնք այնտեղ էին իրենց ամենշաբաթյա օրհնությունը ստանալու:
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և երկու Կորեաների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին համատեղ հանդիպումը, որը կազմակերպվել էր ընդամենը 2 օրվա ընթացքում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Նման ցանկություն էր հայտնել Միացյալ Նահանգների ղեկավարը, և հանդիպումից ժամեր առաջ փաստացի հայտնի չէր՝ արդյոք այն կկայանա:
Հանդիպման պահին Թրամփը մոտեցել է երկու Կորեաների միջև ապառազմականացված գոտու սահմանագծին, նրան ընդառաջ է եկել Կիմ Չեն Ընը: Առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել, որից հետո Կիմ Չեն Ընի հրավերով Թրամփը հատել է ցածր բետոնե պատնեշը՝ երկու Կորեաների խորհրդանշական սահմանը՝ դառնալով պատմության մեջ ԱՄՆ առաջին նախագահը, որը եղել է Հյուսիսային Կորեայում։
Երկու երկրների առաջնորդները լուսանկարվել են, որից հետո հարավային կողմ են անցել: Այնտեղ նրանց դիմավորել է Մուն Չժե Ինը, այնուհետև Թրամփն ու Կիմ Չեն Ընը ներս են մտել Ազատության տան շենք՝ բանակցելու: