Բրիտանական Got Talent հեռուստաշոուի ժյուրիին ցնցած հայ եղբայրներին կոչ են արել կենդանիների հետ համարներ ցույց չտալ (տեսանյութ)
Ամերիկյան «Մարդիկ` հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» (People for the Ethical Treatment of Animals) կազմակերպության բրիտանական գրասենյակը մտահոգություն է հայտնել բրիտանական հեռուստաշոուի շրջանակներում հայ ակրոբատ եղբայրների գալիք ելույթի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ամերիկյան կազմակերպության ներկայացուցչությունը նամակ է գրել Britain’s Got Talent’19 նախագծին՝ կոչ անելով թույլ չտալ կենդանիների օգտագործումը Վարդանյան եղբայրների կրկեսային համարներում՝ հիշեցնելով, որ Սոչիում իրենց ելույթների ժամանակ նրանք հնարքներ են ցուցադրել վարժեցված կենդանիների հետ:
Գևորգ և Անդրանիկ Վարդանյանների պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ եղբայրները երբեք ներքաշված չեն եղել այնպիսի գործողություններում, որոնք կարող են դիտվել որպես ծաղրանք կենդանիների նկատմամբ:
Մոսկվաբնակ եղբայրները բրիտանական հեռուստանախագծի մասնակից են դարձել այս տարվա ապրիլին՝ իրենց համարով ցնցելով ոչ միայն ժյուրիին, այլև հանդիսատեսին: Ներկայում նրանք պատրաստվում են կիսաեզրափակչում ելույթ ունենալուն: