Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են ռուսական С-400-ի մատակարարման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում կրկին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ կապված ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների՝ Անկարա մատակարարման հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Էրդողանի վարչակազմի հաղորդակցության հարցերով ղեկավարին:
«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Էրդողանը կրկին առաջ է քաշել С-400 համակարգերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Երկու առաջնորդներն էլ պայմանավորվել են հանդիպում անցկացնել Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում», - թվիթերյան իր էջում գրել է թուրք ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը:
Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր և գոհունակություն են հայտնել թուրքական պողպատի ներկրման համար ամերիկյան հավելյալ մաքսատուրքերի չեղարկմամբ:
G20-ի գագաթնաժողովն անցկացվելու է Ճապոնիայի Օսակա քաղաքում հունիսի 28-29-ը: