Ահաբեկիչները Հալեպում քիմիական հարձակում են պատրաստում
«Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները նախապատրաստում են ականապատ մեքենաներ և հրթիռներ, որոնք լցված են թունավոր նյութերով: Ահաբեկիչները քիմիական զենքը մտադիր են օգտագործել Հալեպի բնակելի տարածքներում և սիրիական բանակի շարքերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ թունավոր նյութերը ահաբեկիչները մտադիր են օգտագործել սիրիական վիճելի տարածքներում, որպեսզի հետագայում իրենց արարքը վերագրեն սիրիական բանակին: Սա նպատակ ունի բանակին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունը, որն սկսվել է վերջին շրջանում, ինչ էլ, իր հերթին, զինված խմբավորումներին վերամիավորվելու և բանակի վրա հարձակման նախապատրաստվելու հնարավորություն կտա:
Սիրիայի իրավապահ մարմինների տեղեկություններով` ահաբեկիչները Հալեպ քաղաքից 10 կմ արևմուտք գտնվող Ալ-Մանսուր բնակավայրի ռեստորաններից մեկը վերածել են թունավոր նյութերի պահեստի: Քիմիական նյութերի մեկ այլ խմբաքանակ պահվել է սննդի համար նախատեսված պահեստում: «Ջեբհատ ան Նուսրան» քիմիական հարձակումը նախատեսում է կազմակերպել առաջիկա օրերին: