Ի՞նչ իմաստ ունի «պոզահարել միմյանց». մեր գլխավոր խնդիրը ռազմաքաղաքական դաշինքը պահպանելն է. ռուս փորձագետը վերլուծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը, կարծիք է հայտնել, որ ռազմաքաղաքական կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման պատմության մեջ չկան ո՛չ պարտվողներ, ո՛չ հաղթողներ:
«Ես այսպես կվերաբերվեի դրան, իրականում ՀԱՊԿ-ն մեր՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և այլ երկրների ընդհանուր գործն է, և պայքարը ՀԱՊԿ-ի ներսում հակաարդյունավետ է: Եվ եթե ներկայիս իրավիճակում այն ավարտվել է, դա լավագույն ապացույցն է այն բանի, որ չարժեր դա սկսել, քանի որ այնքան էլ շատ չեն ռազմաքաղաքական դաշինքներն աշխարհում, ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն են: Ներքին պայքարը, միևնույնն է, ոչինչ չի ապացուցի, քանի որ ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը մեր ռազմաքաղաքական դաշինքը պահպանելն է, որը հիմնվել է Խորհրդային Միության ավերակների վրա: Ի՞նչ իմաստ ունի «պոզահարել միմյանց»»,- РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Կոնովալովը:
Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ազդեցություն չի գործում անդամ երկրների արտաքին քաղաքականության խնդիրների վրա, կառույցում միայն ընդհանուր խնդիրներ են քննարկվում:
«Գլխավոր խնդիրը ահաբեկչությանը և հասարակության ավանդական կարգերը կործանողներին դիմակայելն է, ինչն էլ մեզ միավորում է, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, քանի որ ՆԱՏՕ-ում դա արդեն վիճահարույց հարց է: ՆԱՏՕ-ն ինքնակործանվում է հենց այն պատճառով, որ այնտեղ չկա հասկացություն, թե ում է պետք դիմակայել», - կարծում է փորձագետը:
Կոնովալովը նշել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավիճակը ցույց է տվել, որ կազմակերպության անդամ երկրները միասնական են ընդհանուր հակառակորդին դիմակայելու հարցում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որի թեկնածությունն առաջադրվել է 2020-ի հունվարի մեկից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու համար: