#BoycottBaku. «Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ՈւԵՖԱ-ից ԵԼ եզրափակիչը տեղափոխել Բաքվից
Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել #BoycottBaku հեշթեգի ներքո և ստորագրահավաք սկսել՝ ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման:
Խնդրագրում նշվում է, որ աննախադեպ խնդիրների պատճառով «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերը չեն կարող ներկա գտնվել ԵԼ եզրափակչին:
«ՈւԵՖԱ-ի՝ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը ստիպել է «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ խաղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղի սրբությունն ու ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդրագիրը կոչ է անում ՈւԵՖԱ-ին գիտակցել այդ որոշման անբարենպաստ հետևանքներն ու խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- ասվում է խնդրագրում:
Ավելի վաղ Բաքվում խաղն անցկացնելու որոշումը բոյկոտելու կոչով հանդես էր եկել CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել չմեկնել Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է «Արսենալ-«Չելսի» դիմակայությունը: