Հայ կիսապաշտպանի գոլն իր թիմին դուրս է բերել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ
«Սֆինտուլ Գեորգեն», որտեղ հանդես է գալիս 23-ամյա հայ կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանը, իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակչի պատասխան խաղում Կիրակոսյանի թիմը 3:1 հաշվով առավելության է հասել «Զիմբրուի» նկատմամբ, իսկ հայ ֆուտբոլիստը խփել է իր թիմի առաջին գոլն այդ խաղում: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Սֆինտուլ Գեորգեն» հաղթել էր նվազագույն հաշվով: Գավաթը նվաճելու դեպքում «Սֆինտուլ Գեորգեն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում:
«Մեզ համար սա մեծ նվաճում է: Մեր ֆուտբոլիստների մեծ մասի համար սա առաջին եզրափակիչը կլինի իրենց կարիերայում»,- հայտարարել է «Սֆինտուլ Գեորգեի» գլխավոր մարզիչ Սերգեյ Չեբոտարը:
«Սֆինտուլ Գեորգեն» Մոլդովայի գավաթի եզրափակչում կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 22-ին Քիշնևում ու կմեկնարկի ժամը 21:30-ին:
Գարեգին Կիրակոսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է Երևանի «Արարատից» տեղափոխվել մոլդովական ակումբ: Մոլդովայի առաջնության գարնանային հատվածում Կիրակոսյանն իր թիմի կազմում 6 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլի հեղինակ: