Հույս ունեմ, որ Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին և ջերմ ընդունելության կարժանանա. Թոմաս դե Վաալ
Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը, որը հայտնի է Հարավային Կովկասում հակամարտությունների մասին վերլուծություններով, հույս է հայտնել, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:
«Որպես «Արսենալի» երկրպագու, որը սիրում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ես իսկապես հույս ունեմ, որ Հենրիխը կկարողանա մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին և ջերմ ընդունելության կարժանանա: Դա ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջընթացի հոյակապ հաստատում կլիներ»,- Twitter-ում գրել է լրագրողը:
«Արսենալը» դեռևս երկընտրանքի առաջ է կանգնած՝ արդյոք պետք է մուտքի արտոնագրի դիմում ներկայացնել Մխիթարյանի համար, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա մայիսի 29-ին տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը: