«Նա ՀԴԲ-ի խայտառակությունն է». Թրամփը Ջեյմս Կոմիին ՀԴԲ-ի երկարատև պատմության մեջ վատագույն տնօրեն է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին բյուրոյի երկարատև պատմության մեջ վատագույն տնօրեն է անվանել:
Ավելի վաղ Կոմին հարցազրույց էր տվել CNN հեռուստաալիքին, որի ժամանակ մեղադրել էր երկրի գործող նախագահին արդարադատությանը խոչընդոտելու համար, քննադատության էր ենթարկել երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին և նրա տեղակալ Ռոդ Ռոզեյնշտեյնին «նախագահի դրածոները» լինելու համար:
ՀԴԲ նախկին տնօրենը նաև չէր բացառել, որ Ռուսաստանը Թրամփի վրա ազդելու լծակներ ունի:
«Ջեյմս Կոմին ՀԴԲ-ի խայտառակությունն է և կհիշվի որպես բյուրոյի երկարատև ու երբեմնի հպարտ պատմության մեջ վատագույն տնօրեն: Նա տապալեց ՀԴԲ-ն, գրեթե բոլոր հանրապետականներն ու դեմոկրատները մտածում էին, որ նա պետք է ազատվի պաշտոնից, սակայն ՀԴԲ-ն կվերադարձնի իր երբեմնի հզորությունը շնորհիվ հզոր կանանց ու տղամարդկանց, որոնք աշխատում են այնտեղ»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ժամանակին Կոնգրեսում լսումների ժամանակ, խոսելով Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին, ԱՄՆ նախագահին մի քանի անգամ «ստախոս» էր անվանել: