ԱՄՆ-ն ածուխ տեղափոխող հյուսիսկորեական նավ է առգրավել
ԱՄՆ-ն հայտնել է, որ հյուսիսկորեական բեռնատար նավ է առգրավել՝ միջազգային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նավն օգտագործվել է ածուխ տեղափոխելու համար, որը Հյուսիսային Կորեայի համար արտահանվող խոշորագույն ապրանքն է, սակայն ենթակա է ՄԱԿ-ի արտահանման արգելքներին:
Նավը նախկինում տուգանված է եղել Ինդոնեզիայում 2018-ի ապրիլին:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ն հյուսիսկորեական նավ է առգրավում, ինչը կարող է վտանգել հարաբերությունները երկու կողմի միջև:
Փետրվարին երկու երկրի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կայացած հանդիպումն ավարտվել էր առանց համաձայնագրի ընդունման, մինչդեռ ԱՄՆ-ն պնդում է, որ ԿԺԴՀ-ն դադարեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ Հս. Կորեան, իր հերթին, պահանջում է թեթևացնել պատժամիջոցները: