Facebook-ը խստացրել է սոցկայքում քաղաքական գովազդի տեղադրման օրենքները
Facebook ընկերությունը Եվրախորհրդարանում կայանալիք ընտրությունների նախօրեին խստացրել է սոցկայքում քաղաքական գովազդի տեղադրման օրենքները, որպեսզի կանխի ընտրություններին «օտարերկրյա միջամտությունը», հաղորդում է BBC-ն:
«Մենք մի քանի նոր գործիք ենք ներկայացնում: Դրանք կօգնեն երկու հիմնական նպատակ իրագործել, որոնք, ինչպես մասնագետներն են վստահեցնում, կարևոր են արդար ընտրություններ ապահովելու համար, ինչպես նաև կօգնեն կանխել օտարերկրյա միջամտության նպատակով քաղաքական գովազդի օգտագործումը և բարձրացնել քաղաքականությանն ու հանրային խնդիրներին նվիրված գովազդի բոլոր տեսակների թափանցիկությունը»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռիչարդ Ալլանը:
Նոր օրենքների համաձայն՝ այն գովազդատուներից, որոնք ցանկանում են հարթակում Եվրախորհրդարանի ընտրությունների հետ կապված գովազդ տեղադրել, Facebook-ը փաստաթղթեր կպահանջի և նրանց անձն ու գտնվելու վայրը հաստատելու նպատակով տեխնիկական ստուգումներ կանցկացնի:
Բացի այդ՝ Եվրամիության երկրների տարածքում Facebook և Instagram սոցկայքերում քաղաքականությանը վերաբերող գովազդները դրոշմ կկրեն: Տեսանելի կլինի, թե ով է վճարել գովազդի համար, կտեղադրվեն այդ ընկերության կոնտակտային տվյալները, ինչպես նաև հնարավոր կլինի տեսնել, թե քանի օգտատեր է դիտել գովազդը, նրանց տարիքը, սեռը, գտնվելու վայրը և այլն:
Ընկերությունը մտադիր է «գովազդների արխիվ» ստեղծել, որտեղ 7 տարի ժամկետով կպահվեն քաղաքականությանը կամ հանրային հարցերին վերաբերող գովազդները:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում հերթական ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-26-ը: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները կըտնտրեն Եվրախորհրդարանի 705 անդամի: