Բրիտանուհին լույս աշխարհ է բերել սեփական թոռնուհուն՝ օգնելով անպտուղ դստերը մայրանալ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի արևմտյան Լամփեթեր քաղաքում, 55-ամյա Էմմա Մայլզը լույս աշխարհ է բերել իր դստեր երեխային, գրում է Mirror պարբերականը:
Բանն այն է, որ նրա դուստրը՝ Թրեյսին, թեև ծնվել է արգանդով, գործող ձվարաններ և արգանդափողեր չի ունեցել: 16 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է ներքին սեռական օրգանների, այդ թվում՝ արգանդի թերզարգացվածություն:
Բժիշկներն ասել են Թրեյսիին, որ նա երբեք չի կարողանա սեփական երեխա ունենալ, ինչից հետո մայրն ապագայում աղջկան «ամեն ինչով օգնելու» պատրաստակամություն է հայտնել: Գրեթե 15 տարի անց, երբ 31-ամյա Թրեյսին ամուսնու՝ Ադամի հետ սկսել է մտածել երեխա ունենալու մասին, զույգը չի ցանկացել փոխնակ մոր օգնությանը դիմել, քանի որ, ըստ տեղի օրենքի, ապագա երեխայի փոխնակ մորը երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներ են տրվում:
Կնոջ մայրը նախկինի պես դստերն օգնելու պատրաստակամություն է հայտնել, և Թրեմսին ու ամուսինը համաձայնել են, որ նա կրի իրենց երեխային:
Էմման օրգանիզմը հղիությանը պատրաստելու նպատակով նիհարել է, որից հետո սաղմը տեղադրվել է նրա արգանդում: Ամեն ինչ հաջող է ընթացել, և հունվարի 16-ին կինը լույս աշխարհ է բերել սեփական թոռանը:
«Ես միշտ դեռ 15 տարեկանից ցանկացել եմ մայր դառնալ: Անչափ երախտապարտ եմ մայրիկին նման նվերի համար»,- ասել է Թրեյսին: 55-ամյա կինն էլ իր հերթին խոստովանել է, որ հանուն դստեր երջանկության պատրաստ է ամեն ինչի, անգամ նորածնին քույր կամ եղբայր պարգևելու: