Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ մերժել է Brexit-ի հարցով համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երրորդ անգամ մերժել են վարչապետ Թերեզա Մեյի՝ Եվրամիության կազմից դուրս գալու համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Brexit-ի գործարքին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286-ը: Ի դեպ, քվեարկությունն անցկացվել է այն օրը, երբ, ըստ նախնական պայմանավորվածության, Միացյալ Թագավորությունը պետք է դուրս գար ԵՄ կազմից:
Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան կորցնում է Brexit-ը մինչև մայիսի 22-ը հետաձգելու և Եվրամիության կազմից համաձայնագրի կնքմամբ դուրս գալու հնարավորությունը:
Անցյալ շաբաթ վարչապետ Մեյը ԵՄ-ին խնդրել էր հետաձգել Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Եվրամիության երկրների ղեկավարներն ըստ այդմ երկու սցենար էին մշակել՝ հետաձգում մինչև մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը հաստատի համաձայնագիրը, կամ մինչև ապրիլի 12-ը, եթե դա տեղի չունենա: Եվրախորհրդի ղեկավարն ապրիլի 12-ն անվանել է բեկումնային ամսաթիվ, որպեսզի Բրիտանիան կողմնորոշվի՝ մասնակցելու է արդյոք Եվրախորհրդարանի ընտրություններին, թե ոչ: