ԱՄՆ սենատորներն առաջարկում են չսկսել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա, քանի դեռ այն չի հրաժարվել ռուսական C-400-ների գնման գործարքից
Ամերիկացի 4 սենատորներ մշակել և Սենատ են ներկայացրել օրինագիծ, որը միտված է արգելափակելու ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Հատկանշական է, որ օրինագծի մշակմանը մասնակցել են թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ օրինագծի համահեղինակներն են հանրապետական սենատորներ Ջեյմս Լենկֆորդն ու Թոմ Թիլիսը և դեմոկրատներ Ջին Շեհինը, Քրիս Վան Հոլենը:
Ըստ օրինագծի՝ ԱՄՆ-ն չպետք է սկսի F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա, մինչև ԱՄՆ նախագահը համոզիչ փաստարկներ չներկայացնի Սենատին այն մասին, որ Թուրքիան լիովին հրաժարվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից:
Օրինագծի համահեղինակներից Ջին Շեհինը նկատել է, որ ռուսական այդ զինատեսակի՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայում տեղակայվելու դեպքում Ռուսաստանը կարող է հեշտությամբ տեղեկություններ ստանալ ամերիկյան կործանիչների մասին, ինչը լուրջ սպառնալիք է ամերիկյան կողմի համար:
Հիշեցնենք, որ C-400 համակարգերը Թուրքիա պետք է մատակարարվեն այս տարվա վերջին: