Չինաստանում կինն «աղքատ» ընկերոջից ազատվելու համար կազմակերպել է սեփական առևանգումն ու սպանությունը
Չինաստանի կենտրոնական Հուբեի շրջանի Վուհան քաղաքի բնակչուհին ձերբակլվել է նախկին ամուսնու կողմից սեփական առևանգումն ու սպանությունը բեմադրելու համար, գրում է Oddity Central հարթակը:
37-ամյա կինը նման քայլի է դիմել, որպեսզի կարողանա կապերը խզել իր ներկայիս ընկերոջ հետ, ում ֆինանսական վիճակը կինն այնքան էլ բարվոք չի գնահատել:
Յու ազգանունով կինը ընկերոջ՝ Լիի ֆինանսական վիճակի մասին իմացել է միայն չինական Նոր տարվա ժամանակ նրա տուն այցելելուց հետո: Արդյունքում կինը ցանկացել է բաժանվել ընկերոջից, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել անկեղծորեն հայտնել այդ մասին և փոխարենը «հօդս ցնդելու» ծրագիր է մշակել:
Տղամարդու տուն այցելելուց օրեր անց կինը զանգել է ընկերոջը և հայտնել, որ նախկին ամուսինն առևանգել է իրեն՝ խնդրելով տղամարդուն փրկել իրեն:
Պատմությունն ավելի ճշմարտանման դարձնելու համար կինն իր հեռախոսից «առևանգչի» անունից հաղորդագրություններ է ուղարկել ընկերոջը՝ սպառնալով, որ կսպանի կնոջը, եթե վերջինս փորձի ոստիկանություն դիմել: Ավելի ուշ նա այլ հաղորդագրություններ է ուղարկել՝ հայտնելով, որ կինը սպանվել է, իսկ նրա մարմինը՝ գետը նետվել:
Չկարողանալով բանակցել «առևանգչի» հետ՝ Լին, ի վերջո, ոստիկանություն է զանգահարել: Օրերս ոստիկանները գտել են ենթադրյալ զոհի հետքը, որը նրանց ժամանման պահին անկողնում պառկած հեռուստացույց դիտելիս է եղել:
Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ սեփական առևանգումը կազմակերպել է աղքատ ընկերոջից ազատվելու նպատակով: Հասարակական կարգը խախտելու համար կինը 10 օր կալանքի տակ կպահվի: