Ազատության հրապարակում սրճարանների ապամոնտաժման ժամանակ քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են. Ա. Ահարոնյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ սկսվել է ծառայողական քննություն Ազատության հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմաmb հայտնել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:
Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան հարթակում տարածված տեսանյութը: