Բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացներ. ԵԱՀԿ գործող նախագահ
Ես այստեղ եմ` վերահաստատելու մեր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:
Նա հայտնեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Միրոսլավ Լայչակը նշեց, որ իրենց նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը:
«Մեծապես ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մենք մեծապես թերագնահատել ենք հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախարարների, նախագահի ու վարչապետի, փոխնախարարների միջև: Փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը: