ՀԱՊԿ-ում ընթանում են ծանր բանակցություններ. հիմքում խաղի կանոնների հստակեցումն է. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» խորթ էր ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում վստահության դեֆիցիտ կա:
«Այն պրոցեսը, որը տեղի ունեցավ Հայաստանում, իրենց համար խորթ է: Մենք մեր հարաբերությունները տարբեր պետությունների հետ կառուցելիս իրենց ներքին հարցերը երկրորդական ենք համարում: Ինչ իշխանություն էլ լինի Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում, այդ երկրների հետ պետք է ունենանք լավ հարաբերություններ: Միամիտ կլիներ ենթադրել, որ այդ երկրները հանգիստ կվերաբերվեին: Իրենց ժամանակ է պետք ադապտացվելու, փոխվել է համակարգը: Առաջ իրենք նախագահներով էին նստում, հիմա վարչապետ է: Տարբեր խնդիրներ կան: Բազմաթիվ իրավիճակներ կան, որը պահանջում է ադապտացիա»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանն ուզում է, որ կազմակերպության Գլխավոր քարտուղարի նշանակման ու հետկանչման հարցում լինի խաղի հստակ կանոն, որը կգործի ապագայում, ինչպես նաև տվյալ դեպքում:
«Ցանկացածը կարող է պնդել՝ իմն է, չէ, իմն է: ՀԱՊԿ փաստաթղթերը չեն նախատեսել այդպիսի իրավիճակ, երբ ինչ-ինչ պատճառով գործող գլխավոր քարտուղարը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները: Դրույթն այնպես է գրված, որ ոնց ուզես՝ կմեկնաբանես: Դրույթն այն է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով, չի ասվում, որ պետությանն է 3 տարի ժամկետով տրվում: Մենք ասում ենք, որ քանի որ հնարավորություն չունի տվյալ անձը կատարել պարտավորությունները, ուրեմն մնացած ժամանակի համար պետք է ուրիշ անձ լինի էլի ՀՀ ներկայացուցիչ: Իրենք ասում են, որ ժամկետը տրվում է անձին: Հիմքում սա է, որի շուրջ գնում են ծանր բանակցությունները: Պետք է հստակեցնենք խաղի կանոնը: Մեզ համար կարևոր է, որ կազմակերպությունը լինի արդյունավետ, որ չլինեն տարընթերցումներ: Խնդրին լուծում չի տրվել, բայց տարվում են աշխատանքներ հստակեցման ու կոնկրետ թեկնածուի հետ կապված»,- մանրամասնեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ մենք երբեք չենք դրել հարցադրում, որ սա վեճ է Հայաստանի ու Բելառուսի միջև, երբեք չենք մեկնաբանել հարցը, թե ում թեկնածուն պետք է լինի: Խնդիրն այն է, որ պետք է լինի խաղի ունիվերսալ կանոն, որ վաղն էլ, ըստ Քոչարյանի, խնդիրներ չառաջանան: «Անկախ նրանից, թե ով է նշանակվել, մարդուն մի բան պատահեց, ուրեմն անցնում է մյուսի՞ն: Եկե՛ք ֆիքսենք: Այսօր խոսել Հայաստանի կամ Բելառուսի թեկնածուի մասին... Մենք չենք կարող առաջ շարժվել, քանի բոլորը համաձայն չեն»,- հավելեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանը շահագրգիռ է, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավորել, բայց ուզում է, որ լինի խաղի ընդհանուր կանոն:
«Գլխավոր քարտուղարի դերակատարումը պետք չէ շատ գերագնահատել: Ինքը դառնում է միջազգային չինովնիկ, ոչ թե պետությունն է ներկայացնում: Ավելին, կայացած կառույց է, լավ, այսքան ժամանակ պարտականությունները կատարում է տեղակալը, ի՞նչ խնդիր կա: Ինքնուրույն քայլեր ձեռնարկել չի կարող»,- ասաց Շ. Քոչարյանը:
Փոխնախարարն ասաց, որ Յուրի Խաչատուրովին հետ կանչելը բխում էր ՀԱՊԿ շահերից: