Վենեսուելան համբերատար սպասում է Հռոմի պապի պատասխանին. Մադուրո
Վենեսուելան համբերատար սպասում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի արձագանքին` երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է RT-ն:
«Վստահ եմ, որ նա ցանկանում է օգնել Վենեսուելային, և մենք համբերատար սպասում ենք նրա պատասխանին»,- նշել է Մադուրոն:
Նա հավելել է, որ Հռոմի պապը կարող է օգնել վենեսուելացիներին` երկխոսության սեղանի շուրջ նստելու հարցում:
Ավելի վաղ, Նիկոլաս Մադուրոն նամակով դիմել էր Հռոմի պապին` խնդրելով աջակցել Բոլիվարյան Հանրապետությունում կողմերի միջև երկխոսությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի լուծման հարցում Վատիկանի միջնորդության հնարավորության մասին` ընդգծելով, որ դրա համար համապատասխան խնդրանքով պետք է դիմեն երկու կողմերն էլ: