ԱՄՆ-ը կոչ է արել վենեսուելացի զինվորականներին չենթարկվել Մադուրոյին. Reuters
ԱՄՆ-ն ուղղակի շփումների մեջ է վենեսուելացի զինվորականների հետ և կոչ է անում նրանց չենթարկվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային:
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ իշխանություններն այդ հարցում էական փոփոխություններ են ակնկալում, չնայած որ առայժմ միայն մի քանի զինվորական է անցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի կողմը:
«Մենք շարունակում ենք բանակցություններ վարել Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչների` զինվորականների հետ, չնայած որ շփումները շատ սահմանափակ են»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Նրա փոխանցմամբ` ԱՄՆ-ը նաև պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել` Մադուրոյի նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կհրաժարվի պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի այն բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, որոնք կաջակցեն Խուան Գուաիդոյին: