Եվրահանձնաժողովի ղեկավարը նույնպես դեմ է Brexit-ի մասին պայմանագրի վերանայմանը
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու պայմանների մասին համաձայնագիրը միակ հնարավոր պայմանավորվածությունն է այդ հարցով, այն չի վերանայվի:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
«Առանձնացման մասին համաձայնագիրը լավագույն և միակ հնարավոր պայմանավորվածությունն է: Համայնքների պալատում երեկ տեղի ունեցած քննարկումները և քվեարկությունը ոչինչ չեն փոխում: Համաձայնագիրը չի վերանայվի»,- ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ բրիտանացի խորհրդարանականները նախօրեին իրենց դիրքորոշումն են հայտնել Brexit-ի հետ կապված մի շարք հարցերի շուրջ՝ վարչապետ Թերեզա Մեյին հորդորելով նոր բանակցային փուլ սկսել ԵՄ-ի հետ:
Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը վերանայման ենթակա չէ: