Ռուսաստանը միջգերատեսչական մակարդակով ԵԽ-ից դուրս գալու հավանական սցենար է մշակում. Կոնստանտին Կոսաչյով
Ռուսաստանում միջգերատեսչական մակարդակով մշակվում է երկրի՝ Եվրոպայի խորհրդից հավանական դուրս բերման սցենարը, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը:
Ավելի վաղ ԵԽ ղեկավարությունը հայտարարել էր, որ Մոսկվան կառույցին պարտք է 66 մլն եվրո ու պետք է վճարի այդ գումարը: Սակայն ՌԴ-ն պատասխանել է, որ քանի դեռ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության նկատմամբ չեն չեղարկվել քաղաքական պատժամիջոցները, Ռուսաստանը որևէ վճարում չի անի:
«Եթե ՌԴ–ն դուրս գա ԵԽ-ից, հետևանքները շատ լուրջ կլինեն: Ներկայում այդ սցենարը մշակվում է միջգերատեսչական մակարդակով»,-հայտարարել է Կոսաչյովը՝ ընդգծելով, որ ՌԴ իշխանությունները հետաքրքրված են գործող կոնվենցիաների շրջանակում ԵԽ-ի հետ հետագա համագործակցությամբ:
Պաշտոնյան մանրամասնել է, որ երկրի՝ ԵԽ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկը կարող է տրվել արդեն 2019թ. ամռանը՝ կառույցի նախարարների կաբինետի կողմից: Դրա համար հարկավոր է ձայների մեծամասնությունը:
«Ամեն դեպքում, ես չեի կանխատեսի, որ նման որոշման կայացման դեպքում 2019թ. հուլիսի 1-ին աշխարհի վերջն է գալու»,-նշել է պաշտոնյան:
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքին 2014թ. ի վեր, ինչը պայմանավորված էր ՌԴ պատվիրակության լիազորությունների կրճատմամբ: