ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է և իզոլացված չէ. Սուրեն Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար չափազանց կարևոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մասին:
«ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է և իզոլացված չէ: Մնացած նախագծերից՝ լինի դա գազային, նավթատար, երկաթուղային, Հայաստանը դուրս է մնացել: ԵԱՏՄ-ի շնորհիվ մենք ունեցել ենք բավական շոշափելի ձեռքբերումներ: Կարծում եմ, որ նոր իշխանություններն էլ ունեն ցանկություն խորացնելու հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, որի վառ ապացույցը խորհրդարանում նոր ձևավորվող հանձնաժողովն է, որը պետք է ինտեգրացիոն գործընթացներին զարկ տա»,- ասաց Ս. Սարգսյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն գործադիր մարմին է, կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր են բոլոր անդամ-պետությունների համար: Սուրեն Սարգսյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ում կա լուրջ ապագա հատկապես թվային տեխնոլոգիաների հետ կապված:
Հարցին՝ ինչո՞ւ նախկինում չէր ստեղծվում խորհրդարանական նման հանձնաժողով, փորձագետը պատասխանեց. «Միգուցե նման ծրագիր նախկինում էլ եղել է, բայց քանի որ նախորդ պառլամենտը կարճ կյանք է ունեցել, մենք չիմացանք: Քաղաքական դասավորումներն այնպիսի երանգ ստացան, որ խորհրդարանը լուծարվեց: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ տրամաբանական կլիներ, որ որպես ԵԱՏՄ անդամ՝ մենք ունենայինք եվրասիական ինտեգրման հանձնաժողով»:
Սուրեն Սարգսյանն ասաց, որ եվրասիական ինտեգրացիոն հանձնաժողովի ստեղծմամբ իշխանությունները ցուցադրել են բալանսավորված մոտեցում, ոչ թե ռուսամետություն: