Ալֆրեդո Քեշիշյան. ուրուգվահայ ֆուտբոլիստ, որը խաղացել է «Բարսելոնայի» կազմում և նվաճել արքայական գավաթը
Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ հայկական ծագմամբ ֆուտբոլիստները խաղացել են հանրահայտ եվրոպական ակումբներում: Այս հարցում աչքի ընկնել հաջողվել է Հենրիխ Մխիթարյանին, որը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», ինչպես նաև բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» և այժմ էլ «Արսենալ» ակումբներում:
Սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1970-ականներին իսպանական հայտնի ակումբների կազմում խաղացել է ուրուգվահայ Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, Քեշիշյանը ծնվել է Մոնտեվիդեոյում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով: Իսպանիա տեղափոխվել է 1973-ին, նրա առաջին եվրոպական թիմը «Ռեալ Վալյադոլիդն» է եղել:
1976-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»: Ակումբը նրան ձեռք էր բերել 20 000 դոլարով: Առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի և երկու գոլ խփել, որոնցից մեկը ճանաչվել էր ամսվա լավագույն գոլը: Այդ մրցաշրջանում Քեշիշյանը «Բարսայի» կազմում նվաճել է Իսպանիայի արքայական գավաթը: Կիսապաշտպանը կատալոնական ակումբում երկու մրցաշրջան է անցկացրել և մասնակցել 54 խաղի:
Այնուհետև ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Սալամանկա», «Էսպանյոլ» և ուրգվայական «Դանուբիո» ակումբներում: