Վենեսուելան պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ. Վենեսուելայի ԱԳ նախարար
Վենեսուելան նախկինի պես պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան:
«Մենք մտադիր ենք կարգավորել հարաբերություններն ու բանակցությունները նախագահ Թրամփի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի – Tert.am) կառավարության հետ: Այս առաջարկը դեռ ուժի մեջ է», - հայտարարել է Արեասան Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ գործող նախագահի, որոնց ֆոնին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ:
Վերջինիս աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ:
Մադուրոն, իր հերթին, հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոն իրավունք չունի նման որոշում կայացնելու: Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը:
Նախօրեին Կարակասում տված մամուլի ասուլիսի ժամանակ Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության գնալ Գուաիդոյի հետ, սակայն վերջինս հրաժարվել է բանակցելուց: