Բունդեսթագը նկատողություն է ուղղել գերմանացի պատգամավորին Բաքվից ստացած եկամուտները թաքցնելու համար
Գերմանիայի խորհրդարանը նկատողություն է ուղղել Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ գերմանացի պատգամավոր Կարին Շտրենցին՝ հավելյալ եկամուտների մասին տեղեկությունը սահմանված ժամկետներում Բունդեսթագին չներկայացնելու համար:
Ինչպես գրում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը, խոսքը գնում է Ադրբեջանում գտնվող գերմանական մի ընկերությունից ստացված գումարների մասին: Դրամական այդ փոխացման մասին Բունդեսթագին հաշվետվություն չներկայացնելը խորհրդարանը համարել է պատգամավորական նորմերի խախտում և բացի նկատողությունից տուգանք սահմանել պատգամավորի նկատմամբ:
Հայտնի է, որ այս առիթով Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն Կարին Շտրենցի քայլն անվանել է «լուրջ վնաս քաղաքական ղեկավարության հեղինակությանը» և պահանջել զրկել մանդատից կին պատգամավորին:
Հայտնի է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ պատգամավորը դեռևս 2017-2018 թվականներին հայտնվել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ահագնացած կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Մասնավորապես՝ անկախ փորձագետների տրամադրած զեկույցում Շտրենցին մեղադրեցին Եվրոպայում Բաքվի շահերն առաջ մղելու համար կաշառք ստանալու համար:
Փորձագետները նշել էին, որ կոռուպցիոն սկանդալի հանգուցային դեմքը՝ Բունդեսթագի արդեն նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Շտրենցին աշխատանքի է վերցրել իրեն պատկանած Line M-Trade քոնսալթինգային ընկերության միջոցով, որը ֆինանսավորվում էր Ադրբեջանի կողմից և հիմնականում զբաղվում ադրբեջանական շահերն առաջ մղելով։
Թեև պատգամավորը հավաստիացրեց, որ նա տեղյակ չի եղել վերոնշյալ ընկերության ֆինանսավորման աղբյուրից, ի վերջո նա դուրս մնաց ԵԽԽՎ-ում Բունդեսթագի պատվիրակությունից։