Եթե իրավունքի ուժով հնարավոր է, մենք խնդիր չենք տեսնում. «Իմ քայլը» պատրաստ է Հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ հատկացնել ընդդիմությանը
7-րդ գումարման խորհրդարանը սկսեց իր աշխատանքները` քննարկման դնելով Հաշվիչ հանձնախմբի ստեղծելու հարցը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ հանձնաժողովը «Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պետք է բաղկացած լինի 7 անդամներից, որից 5-ը կներկայացնեն «Իմ քայլը» դաշինքը և մեկական անդամներ՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները:
Վարման կարգով ձայն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու Լիլիթ Մակունցը, ով խնդրեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել իրենց թեկնածուներին:
Վարման կարգով խոսեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ մինչև նիստ գումարելը կարիք կլինի կառուցվածքը քննարկելու: Ըստ նրա՝ երեկ ուշ երեկոյան խոսել են և առաջարկ է եղել ընդդիմությանը մեկական ներկայացուցչի փոխարեն տրամադրել 2-ական ներկայացուցիչ, և 3-ը լինեն «Իմ քայլը» դաշինքից:
«Եթե մեր մեկ ներկայացուցիչը բացակայի, մենք այդ քվեարկությունը վստահելի չենք համարի: Եթե «Իմ քայլի» համար երեք ներկայացուցիչը խնդիրն է, կարող ենք նրանց վերապահել 5 ներկայացուցիչ, երկուական էլ ընդդիմությունից»,-առաջարկեց Մարուքյանը:
ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը նշեց, որ նման հարցով եղել են քաղաքական կոնսուլտացիաներ: « Իմ քայլը» դաշինքը պատրաստ է գնալ նման հանգուցալուծման և ձևավորել ոչ թե մանդատների համամասնությամբ, այլ ընդդիմությանը մեկական տեղ զիջելով իր մանդատներից, որևէ խնդիր չենք տեսնում, քվեարկության հաշվելն ու վերահսկելը լրջագույն տեղ հասցնելու համար կարևոր է ընդդիմության վերահսկողությունը, խնդիրը իրավական է»,-ասաց նա և նշեց, որ «ԱԺ կանոնակարգով» հստակ համամասնություն է ֆիքսված:
«Եթե իրավունքի ուժով հնարավոր է, մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց Միրզոյանը:
Խմբակցությունները գնացին 20 րոպե ընդմիջման: