Եգիպտոսում ուսանողուհուն հեռացրել են բուհից, երբ համացանցում է հայտնվել նրա ու փեսացուի գրկախառնության տեսանյութը (տեսանյութ)
Եգիպտոսի Ալ Ազհար համալսարանի ուսանողուհուն հեռացրել են բուհից, երբ համացանցում է հայտնվել նրա ու փեսացուի գրկախառնության տեսանյութը, այս մասին գրում է Ahram հարթակը:
Հարթակը մանրամասնում է, որ անցած շաբաթ համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում տղամարդը ուսանողուհուն ծաղկեփունջ է նվիրում, ապա ծնկի գալիս նրա առաջ՝ ամուսնության առաջարկություն անելով: Այնուհետև տղան գրկում է աղջկան ու նրան օդ բարձրացնում: Ընդ որում՝ տեսանյութը նկարահանվել է ոչ թե տվյալ համալսարանի տարածքում, այլ Ալ Մանսուրա համալսարանում, որտեղ սովորում է փեսացուն:
Ալ Ազհար համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը հեռացվել է համալսարանի կանոնադրության դրույթների համաձայն: Ուսանողուհին իրավունք ունի համալսարանի ղեկավարության որոշումը բողոքարկելու բարձրագույն կարգապահական հանձնաժողովում: