Թրամփը «վստահ չէ», որ կհանդիպի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վստահ չէ»՝ կհանդիպի Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե ոչ: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ իր ռուս պաշտոնակցի հետ կարող է հանդիպել Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ, գրում է TACC-ը:
«Ես վստահ չեմ, որ մենք կհանդիպենք Փարիզում», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ նախատեսված հանդիպումը չի կայանա: Նրա խոսքով՝ իրենք չգիտեն, թե արդյոք Փարիզը հարմար վայր է հանդիպման համար: Բացի այդ, իրենք Ֆրանսիայի մայրաքաղաքում են գտնվելու բոլորովին այլ պատճառով:
Թրամփն ընդգծել է, որ կհանդիպի ՌԴ նախագահի հետ G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Բացի այդ, իրենք բազմաթիվ հանդիպումներ կունենան նաև գագաթնաժողովից հետո: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի, Չինաստանի և մյուս պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը «շատ լավ բան է», ուստի իրենք դեռ շատ հանդիպումներ կունենան:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսվում էր անցկացնել նոյեմբերի 11-ին՝ Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: