ՌԴ նախագահի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք. Ն. Փաշինյան
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ առանձնազրույց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մենք քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք նման բարձր մակարդակի վրա չեն եղել: «Հիմա կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում: Դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի և ամենի վերաբերյալ համաձայն ենք, ոչ ամենևին»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա աշխատանքային մթնոլորտ, կա մթնոլորտ՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու:
«Այն հարցերը, որոնց լիարժեք համաձայնության չենք կարող հիմա հասնել պահին այդ քննարկման մթնոլորտում կշարունակվեն»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Սոչիում ԵՏՄ երկրների գագաթաժողովին, երբ ճաշի սեղանի շուրջ, Վ. Պուտինը ասել է, որ գիտի՝ տեսակետներ կան, որ ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ երկիր, բավարար հարգանքով չի վերաբերում իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը, ապա հավելել է, որ լիարժեք հարգանքով է վերաբերում այդ սկզբունքին:
ՀՀ վարչապետն անդրադառնալով ԱՊՀ գագաթնաժողովին՝ ասաց, որ այնտեղ բավականին բաց ու թեժ քննարկումներ են ընթանում, ինչն իրեն զարմացրել է: