Բրիտանիայում թունավորված Սերգեյ Սկրիպալի զարմուհին ավտովթարի է ենթարկվել
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհի Վիկտորյան վթարի է ենթարկվել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Վիկտորյայի խոսքով՝ ինքը չորեքշաբթի ուղևորվելիս է եղել Յարոսլավլից Մոսկվա՝ մասնակցելու հեռուստաեթերի:
Նրա խոսքով՝ Մոսկովյան մարզ հասնելուն պես պայթել է մեքենայի առջևի ձախ անվադողը, որից հետո մեքենան, կորցնելով ընթացքի հետագիծը, բախվել է ճանապարհային արգելապատնեշին: Վնասվել է միայն մեքենան, ուղևորիներին ոչինչ չի պատահել:
Վիկտորյան նշել է, որ մեքենայի ընթացքի արագությունը մեծ չի եղել, ինչն էլ օգնել է լուրջ վնասներից խուսափելուն: Բացի այդ, նա ընդգծել է, որ մեքենան սարքին է եղել, անվադողերը նույնպես ստուգվել էին ուղևորությունից մեկ օր առաջ:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սկրիպալի զարմուհին չի բացառել, որ իր նկատմամբ, հնարավոր է, մահափորձ է իրականացվել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալին և նրա դստեր Յուլիային մարտին թունավորել էին բրիտանական Սոլսբերիում, ինչի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են ռուսական կողմին:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թունավորման գործով երրորդ կասկածյալ է ի հայտ եկել, որի անունը, սակայն, չի հրապարակվել: