Ա. Մինասյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսության մրցակցության բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Հակոբ Ավագյանը, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը։
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին շարունակական աջակցության և համատեղ աշխատանքի համար։ ՀԲ առաքելության անդամներին Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է տնտեսական ցուցանիշները, անդրադարձել քաղաքական փոփոխություններից հետո երկրի տնտեսության ոլորտում արձանագրված իրողություններին։ Նախարարը խոսել է իրականացվող բարեփոխումների ընթացքի, շուկաների ազատականացման, մրցակցային պայմանների ապահովման, հակամենաշնորհային քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման և մի շարք այլ հարցերի մասին։
Սառա Նիմանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և Հայաստանի տնտեսական իրավիճակի ներկայացման մանրամասների համար։ Նշելով, որ առաքելությունն աշխատում է 60-ից ավելի կառավարությունների հետ, նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող աշխատանքը, որի նպատակը ՀՀ կառավարությանն օգնելն է` բացահայտելու տնտեսության մեջ առկա բոլոր բացերը, որոնք խոչընդոտում են առավել մրցունակ տնտեսություն ունենալուն։
Հանդիպմանը քննարկվել են մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել առևտրի և շուկայի կարգավորումներին, արդյունաբերական, ներդրումային, ՓՄՁ քաղաքականության ճիշտ գնահատման և վերլուծության կարևորության խնդիրներին։ Մինչ առաքելության կողմից վերջնական գնահատումը՝ բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային հանդիպումների ընթացքում։