ՀՀ-ում սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունը անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման, թալանի համար, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ:
Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռոբերտ Քոչարյանը 2008 թ.-ին հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան: Ո՞ր ուղեղով մարդը զորքը սահմանից կհանի և կբերի մայրաքաղաքի կենտրոն: Ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ, ո՞վ է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, բոլոր գործողությունները լինելու են օրենքի շրջանակում, բայց պետք չէ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շփոթել թուլության հետ:
«Նրանք, ովքեր դա համարում են թուլություն, հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, որոշել եք հայ ժողովրդին մարտահրավերնե՞ր նետել, դե մարտահրավերը տեսեք, դե հիմա սպասեք: Եթե տեսնենք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ի վիճակի չեն իմ հանձնարարությունը կատարել, մենք նորից ձևերը գիտենք: Կամուֆլյաժս կհագնեմ և հատ-հատ, տուն առ տուն կարգ ու կանոն կհաստատենք ՀՀ-ում: ՀՀ-ում սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունը անշրջելի է: ՀՀ-ում սևերը ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնելու»,- հայտարարեց նա:
«Ես իրենց անվտանգության միակ երաշխավորն եմ, որովհետև եթե ինձ բան պատահի, իրենց հետ շատ ավելի վատ բաներ կպատահեն՝ ժողովրդի կատարմամբ: Իմ անվտանգության երաշխավորը ժողովուրդն է, ես էլ իհարկե ձեր անվտանգության երաշխավորն եմ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը, անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցին և այնտեղ արտահայտված խոսքերին, նշեց. «Քրեական գործերը չպետք է քաղաքականացվեն և պետք է հիմնված լինեն օրենքի վրա, ապացույցների վրա: Ես բոլոր դեպքերում ասել եմ, որ եթե դուք ունեք հիմք, որպես քննիչ գտնում եք, որ որևէ մեկին պետք է կալանավորեք, ապա այո, կալանավորեք»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայաստանյան միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար:
«Նրա բոլոր փողերը դրված են կալանքի տակ»,- ասաց վարչապետը: