Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը վերջնականապես տապալվել են: Բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնածարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել:
Արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկել Ալբերտ Վայլերին, որը 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ՝ հղում տալով ադրբեջանական գերմանական Bild-ին։
Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ:
Ինչպես ներկայացնում է Գերմանական BILD օրաթերթը Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս շաբաթ կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ ժամանելով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։ Հայաստանում նա կլինի օգոստոսի 24-25-ը։