Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ իրագործված մահափորձի հետաքննության ժամանակ «անձեռնմխելիներ» չեն լինի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել է, որ իր դեմ իրագործված մահափորձի հետաքննության ժամանակ «անձեռնմխելիներ» չեն լինի:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի «ծայրահեղական» ընդդիմությունը պետք է իմանա, որ այս գործի հետաքննության ընթացքում չեն լինի «անձեռնմխելիներ»:
Նա նաև ընդգծել է, որ Վենեսուելայի զինված ուժերը կպաշտանեն «երկրի ամբողջականությունը»՝ հավելելով, որ երկրի իշխանությունները մանրակրկիտ կերպով հետաքննում են նախագահի դեմ իրագործված մահափորձի գործը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը: