Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, դրսի հիմնադրամներից չենք ֆինանսավորվում. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն
Մեզ մեղադրեցին դրսի տարբեր հիմնադրամներից ֆինանսավորվելու մեջ, մենք պաշտոնապես ասել ենք, որ դա զրպարտանք է:
Այս մասին այսօր Երևանում ակցիայի ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ, ԵՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Նա նաև հերքեց լուրերը, որ իրենք փոքրամասնությունների շահերն են փորձում առաջ տանել: «Դուք կատարյալ հիմարության մեջ եք»,-նկատեց նա:
Իր ելույթում նա նաև դժգոհեց, որ քահանաները քիչ են գնում հավատացյալների տուն, խոսում օրինակ՝ հավիտենական կյանքի կամ եկեղեցու այլ արժեքների մասին: «Եվ դեռ մենք չե՞նք պատկերացնում, թե ինչ է եկեղեցու ուսմունքը: Եթե ամեն մի քահանա ամեն օր 3 ընտանիք գնա, նրա համար 1 տարի է պետք: Մենք խորը ցավ ենք հայտնում այն մարդկանց համար, ովքեր եկեղեցուց դուրս են մնում»,-ասաց նա:
Կարեն Պետրոսյանը հավելեց, որ իրենց որակում են որպես այլ կրոնական կազմակերպության անդամներ, սակայն դա ևս սուտ է: Կազմալերպության մյուս անդամներն էլ նշեցին, որ իրենք պայքարում են, որ հայ եկեղեցին իրականացնի իր այն գործառույթները, որոնք պիտի կատարեր ի սկզբանե: Ըստ նրանց՝ ժամերգություններն ու պատարագներն էլ պատշաճ չեն կատարվում:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: