Եթե այս մեղադրանքները հաստատվեն, ապա Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ նալը, ո՛չ մեխը, կփրկի միայն պարանը. Ս. Բագրատյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումները դիտարկում է ՀՀ պետականության տեսանկյունից, քանի որ կարծում է, թե այս պահին պետականությանը հասցված վնասն անհաշվելի է: Նա, հարգելով անմեղության կանխավարկածը, միևնույն է, շեշտում է, որ եթե հաստատվի կասկածներն, ապա դա կհամարվի դավաճանություն սեփական ժողովրդի նկատմամբ:
«Եթե այս մեղադրանքները հաստատվեն, ապա Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ նալը, ո՛չ մեխը, կփրկրի միայն պարանը: Եթե սա հաստատվի, մենք այլևս հայ մանուկների աչքերին նայելու խնդիր ենք ունենալու: Սիրելի՛ ժողովուրդ, մենք հայրենասիրություն ենք ցանկանում ներարկել մատաղ սերնդին, բայց ունենք նման դաժան վերաբերմունք այդպես կոչված Արցախի հերոսից»,-ասաց Բագրատյանը:
Բագրատյանի գնահատմամբ՝ մեղադրաքները հաստատվելու պարագայում հայ մարդու հավատը՝ բանակի նկատմամբ, կսասանվի, ինչն ամենավտանագավոր իրողությունն է: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ ԶՈւ որոշ հրամանատարներ, ստանալով միայն աշխատավարձ, միևնույն է, 2-3 տարում կառուցում են դղյակներ:
«Ո՞ւմ հաշվին, իհակե, զինվորի հաշվին, իհարկե, ծանր, քրտինքով աշխատող հայ մարդու հաշվին, որից տարեր պատճառաբանություններով գումարներ են շորթում: Պարո՛ն դատախազն ասում է՝ հայտնեք այդ մասին, բայց ակնհայտ իրողությունների մասին չեն հայտնում, պարո՛ն դատախազ: Պարզապես հարկավոր է նայել շուրջը, տեսնել դղյակները, հարցնել՝ ո՞ւմ են պատկանում, ո՞ր զինվորականին: Միայն պետք է հաշվել աշխատավարձը և տեսնել, որ այդ զիվորականի ստացած աշխատավարձն առավելագույն այդ դղյակի դռան գին արժի»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը: