Ոչ թե ցեղասպանության մասին խոսելն է թրքության դեմ վիրավորանք, այլ չխոսելը․ Փայլանը՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի մասին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը թուրքական bianet.org կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իր դեմ սկսված հետաքննության, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի ու «ցեղասպանություն» եզրույթի՝ թուրք ժողովրդին վիրավորած լինել-չլինելու խնդրին։
Ըստ Փայլանի՝ Թուրքիայի Հանրապետության նախագահին, թուրք ժողովրդին կամ թրքությունը վիրավորելու մասին Քրեական օրենսգրքի 301 հոդվածը «մարդասպան» հոդված է, որը նաև պոլսահայ լրագրող ու մտավորական Հրանտ Դինքին «սպանողն էր»։
«Մարդ, ով պաշտպանում էր միասին ապրելու գաղափարը, նրա համար սա ամենամեծ վիրավորանքն էր։ Ասում էր՝ «Ինչպե՞ս կարող եմ անպատվել մարդկանց, ում հետ միասին եմ ապրում», - հիշում է Փայլանը։
Ըստ նրա՝ ոչ թե ցեղասպանության մասին խոսելն է թուրքերի դեմ վիրավորանք, այլ ընդհակառակը՝ լռելը։
«Իրականում թրքության դեմ իսկական դավաճանություն է Հայոց ցեղասպանությունը հերքելը։ Կամ անունն ինչ ուզում եք դրեք՝ հայերի գլխին եկած մեծ ողբերգությունը հերքելը դավաճանություն է թուրքերի դեմ։ Այդ մեծ ողբերգությունը եղել է, հայերը ոչնչացվել են, ամբողջ աշխարհը գիտի դա։ Մենք Անատոլիայի 1/5-րդն էինք, հիմա հազարի մեջ 1 տոկոսն անգամ չենք։ Մենք կորցրել ենք մեր հազարավոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային ժառանգությունը, ամենը», - ասել է Փայլանը՝ նշելով, որ մերժողականությունն ու դրանով իսկ թուրքերին որպես պատմական իրողությունները հերքող անձ ճանաչելի դարձնելը վիրավորանք ու անարդարություն է հենց թուրք ժողովրդի նկատմամբ։
«Ես ասում եմ՝ «Եկեք սրա անունը ճիշտ դնենք», դրան ի պատասխան լսում եմ՝ «Դու չես կարող նման բան խոսել»։ Բայց հենց այսպես էլ վիրավորած եք լինում թուրքական ինքնությունը։ Մարդիկ թուրքերին աշխարհում ճանաչում են որպես ցեղասպանություն հերքող ազգ, և ես պայքարում եմ նաև, որպեսզի թուրք ժողովրդի դեմ արված հենց այս անարդարությունը վերացվի», - ասել է նա։