Թուրք զինվորները 26 կմ-ով առաջ են գնացել դեպի Իրաքի հյուսիս
Թուրքական զորքերը 26 կմ-ով առաջ են գնացել դեպի իրաքյան տարածքի խորքերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:
«Մեր զինվորները 26-27 կմ առաջ են գնացել Իրաքի հյուսիսում: Քանդիլ հասնելուն քիչ է մնացել, մենք չենք թողնի այդ դավաճան կառույցը», - հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գտնվում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության բազան:
Թուրքիայում 2015-ի հուլիսին Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան 900 զինծառայող և ոստիկան է մահացել, ինչպես նաև շուրջ 500 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս ընթացքում երկրի անվտանգության ուժերն ավելի քան 10 000 քուրդ զինյալի են չեզոքացրել: